ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԵՍ ՏԱՆՆ ԵՄ, ԲԱՅՑ ՏԱՆՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՐԴ ԿԱ»

«ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԵՍ ՏԱՆՆ ԵՄ, ԲԱՅՑ ՏԱՆՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՐԴ ԿԱ»
03.04.2012 | 00:00

Օրերս Հայաստանում էր ֆրանսահայ հանրաճանաչ երգիչ ՊԱՏՐԻԿ ՖԻՈՐԻՆ:
«Ես Հայաստանը գիտեմ իր տարբեր դրսևորումներով: Լինելով հեռու Հայաստանից` դաստիարակվել եմ նույն արժեքներով, նույն մտածելակերպով, ինչ դուք: Ես մեծացել եմ հայկական երաժշտությամբ, հայկական խաղերով, հայկական բույրերով,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգիչը, նշելով, որ «Մեցցո» ակումբում իր ելույթն ավելի մեծ ծրագրի նախասկիզբն է:- Պատահականություն չէ, որ այստեղ եմ, մոտակա տարիներին էլի կգամ, կարծում եմ, չեք մոռանա ինձ, և էլի երգեր կերգեմ ձեզ համար»:
Պատրիկ Ֆիորին եղել է նաև «Պրովանս Արմենիա» կազմակերպության խնամակալը, Հայաստան է այցելել բարեգործական նպատակներով, սակայն նրա վարած այս գործունեությունը դուրս է մնացել լրատվամիջոցների ուշադրությունից: Նա Հայաստանի մասին շատ է լսել իր տատից ու պապից: Պատմեց, որ Հայաստանում իրեն ամենաշատը հուզել է մի կնոջ ժպիտը: Դա պատահել է այնտեղ, ուր եկեղեցիներ շատ կան` Էջմիածնում. կինը մոտեցել է նրան, ձեռքը հպել շուրթերին և ասել` դուք լավ մարդ եք: «Այդ կնոջ աչքերում, բարեհոգության մեջ, ես վերագտա այն, ինչ լսել էի իմ տատից»,- ասաց երգիչը:
«Իրատես de facto»-ի հարցին` ծանո՞թ է հայ երգարվեստին և ունի՞ արդյոք իր երգացանկում հայերեն երգեր, ֆրանսահայ երգիչն անկեղծորեն պատասխանեց, որ շատ բարդ է հայերենը: «Ես խոսեցի տատիս, պապիս մասին, բայց, ցավոք, նրանք շատ շուտ մահացան, որպեսզի ինձ հայերեն խոսել սովորեցնեին: Մի օր ես կարդացի Անրի Վեռնոյի ինքնակենսագրությունը և լսեցի նրա «Մայրիկը» ֆիլմի երաժշտությունը, թեև մինչ այդ էլ ծանոթ էի հայկական երաժշտությանը: Մոտ տասն անգամ ֆիլմը դիտելուց հետո մտապահեցի այդ երաժշտությունը (Պատրիկ Ֆիորին մի կարճ ակնթարթ ներկաներին հիացրեց ֆիլմում հնչող երգի հնչյուններով- Ա.Ս.): Եվ այն ժամանակ ինքս ինձ ասացի` այս երաժշտությունը չունի խոսք: Ես գրեցի խոսքերը և ներառեցի այն իմ ձայնասկավառակում»: «Հայաստանի լեռները» երգը ներկայացնում է նաև երգչի ընտանիքի պատմության ինչ-որ մի փոքրիկ պատառիկը: Պատրիկ Ֆիորին նշեց նաև, որ ամեն երեկո դուդուկ է նվագում, և իր բոլոր համերգների ժամանակ հնչում է դուդուկի երաժշտություն:
Երգիչը երաժշտական շրջագայությունների մեջ է: «Եթե չեք վախենում գնացքներից, ինքնաթիռներից, սուզվելուց, կարող եմ ձեզ ինձ հետ վերցնել»,- ասաց կեսլուրջ, կեսկատակ:
Նշենք, որ Պատրիկ Ֆիորին, նույն ինքը` Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշանյանը, հայտնի է դարձել «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում ելույթից հետո` մարմնավորելով Ֆեբ դը Շատոպերի դերը: Մյուզիքլից հատկապես սիրվել է «Բել» երգը, որը նա կատարել է Դանիել Լավուայի և Գարուի հետ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ